ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Պետությունն առաջին դրական քայլն արեց` հետ վերցնելով կինոստուդիան»

«Պետությունն առաջին դրական քայլն արեց` հետ վերցնելով կինոստուդիան»
07.09.2015 | 13:14

Վերջին շրջանում քննարկումների կիզակետում է ՀՀ կառավարության կողմից Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթացը:

Բազմիցս խոսվել է, վերջին շրջանում դարձյալ ընդգծվեց, որ սեփականատերը` «Գաֆէսճեան» հիմնադրամը, չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Բացթողումներ կան կինոժառանգության թվայնացման առումով: Պայմանագրով նախատեսված 460 ֆիլմի փոխարեն թվայնացվել է 220-ը, ի դեպ, տեխնիկական ու ստեղծագործական լուրջ խոտաններով: Ներդրումների, տեխնիկական վերազինման, նկարահանման նոր տաղավարների մասին խոսք լինել չի կարող: Ասում են` եղածն էլ քամուն է տված, ստուդիայում` ամայություն է և ավեր: 2005-ին 350 միլիոն դրամով վաճառված կինոստուդիան այսօր գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի:
Ի՞նչ ճակատագիր է սպասում «Հայֆիլմին» հետայսու: Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանի` «Հայֆիլմը» գնելու լուրը տարածվեց կայծակնային արագությամբ և առանձնապես լուրջ չընդունվեց: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հետաքրքրվեցի` սա զուտ ցանկությո՞ւն է, թե՞ կան «Հայֆիլմը» գնելու առաջարկներ:
«Որքան դուք գիտեք, այդքան էլ ես: Այդ բոլորը խոսակցությունների տիրույթում են, ստուդիան գնելու, պայմաններին ծանոթանալու որևէ ռեալ առաջարկ չկա: Գուցե ինչ-որ մեկը գրել է իր ցանկության մասին: Ես էլ կարող եմ գրել, որ ուզում եմ գնել: Մի անգամ ունեցել ենք դառը փորձ: Պետք է լուրջ մոտենալ խնդրին, և մենք, և կառավարությունը մտածում ենք, որ երկրորդ անգամ չսխալվենք»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
«Ստուդիան գործելու է պետությա՞ն հոգածության ներքո, թե՞ նոր սեփականատեր է ունենալու» հարցը նույնպես առայժմ պատասխան չունի: Կինոկենտրոնի տնօրենն ընդգծեց, որ պետությունն առաջին դրական քայլն արեց` հետ վերցնելով կինոստուդիան, որովհետև չէին կատարվել պարտավորությունները, հետագա քայլերը քննարկվում են: Հարց է առաջանում`պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելո՞ւ է սեփականատերը: «Կառավարության հետ է կնքվել սեփականաշնորհման պայմանագիրը, ի՞նչ կարգով են վերադարձնում, պատասխանատվություն կլինի՞, թե՞ ոչ, չգիտեմ: Այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ես չեմ լուծում և չեմ կարող դրանց պատասխանել»,- ասաց Գևորգ Գևորգյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ